Կարդում ենք Ղ. Աղայան…

Արևի հրամանը

solnishko-i-tuchiԳարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին.
-Դե՛, սիրո՛ւն աստղիկներ՝ երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:
Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.
-Զարթնեցե՛ք, ծաղիկնե՛ր, զարթնեցե՛ք, թռչնիկնե՛ր:
Եվ զարթնեցին բոլոր ծաղիկները, թռչնիկները:
-Ես պիտի երգեմ,- ասաց արտույտը:
-Ես պիտի ծաղկեմ,- ասաց վարդը:
-Իսկ ես ի՞նչ պիտի անեմ,-ասաց մութ ամպիկը,- չջրե՞մ երկիրը:
Արևը պատասխանեց.
-Թո՛ղ երգի արտույտը, թո՛ղ բացվի վարդը, իսկ մութ ամպիկը՝ ջրով լիքը, թող գնա, հեռանա:
Ծաղիկները բացվեցին, թռչնիկները երգեցին, երեխեքն էլ զարթնեցին ու սկսեցին արևի երգը: