Ճամբարային առօրյան շարունակվում է…

Ճամբարային երրորդ օրը սկսեցինք Արևմուտքից: Այսօր առավոտյան ընդհանուր պարապմունքը սեբաստացիներին և ճամբարական հյուրերին հավաքել էր Արևմտյան դպրոցի բարձունքում՝ միասնական պարերգերի ուղեկցությամբ: Պարապմունքից հետո նորից անցանք պարտիզա-պուրակային աշխատանքների, իսկ հետո սկսեցինք մեր նախագծային պարապմունքները. շախմատ,  լեզվագործունեություն՝ թարգմանությունների կատարում և վերլուծություն, երգ ու պար, տեխնոլոգիա՝ կավե աշխատանքներ և զարդերի պատրաստում, մաթեմատիկական  խնդիրների լուծում-քննարկում տիար Գևորգի հետ:
Մաթեմատիկայի պարապմունքից հետո տիար Գևորգի և Լուսինե Փաշայանի հետ քննարկեցինք նաև միասին ճամփորդության գնալու հարցը, որը նախատեսել ենք իրականացնել ուրբաթ օրը՝ ճամբարային շաբաթվա վերջին օրը՝ որպես ճամբարի ամփոփում: Իսկ թե ու՞ր ենք գնալու, կորոշենք վաղվա մեր հանդիպման ընթացքում:

Ճամբարային երեքշաբթի

Այսօր գարնանային «Մուտք» ճամբարի երկրորդ օրն էր: Օրն նորից սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով ՝ Մայր դպրոցի Մարմարյա սրահում…երգ, պարերգ, ասմունք, ջերմ և հաճելի մթնոլորտ:
Ընդհանուր պարապմունքից հետո անցանք օրվա անելիքներին: Կատարեցինք պարտիզա-պուրակային աշխատանք Արևմուտքում՝ հողի փխրեցում, խոտհունձ և այլ աշխատանքներ: Բակային աշխատանքից հետո ունեցանք շախմատի պարապմունք, լեզվագործունեություն, որի ընթացքում տիկին Մարիետ Սիմոնյանի հետ ամփոփեցինք նախորդ օրվա հանձնարարությունները և կատարեցինք  նոր առաջադրանքներ: Մայրենիի պարապմունքից հետո անցանք երգ ու պարին, սովորեցինք նոր պարեր, երգեր: Տեխնոլոգիայի պարապմունքին պատրաստեցինք տիկնիկներ և կատարեցինք տեխնոլոգիական այլ աշխատանքներ: Հերթական պարապմունքը տիար Գևորգի հետ էր, ում հետ լուծեցինք տարբեր մաթեմատիկական խնդիրներ և քննարկեցինք այլ հետաքրքիր իրավիճակներ:
Օրն անցավ բավականին հետաքրքիր և արդյունավետ:

 

 

Թարգմանություն

Ձուկը և օվկիանոսը

Կար-չկար մի ձուկ կար, հասարակ մի ձուկ: Մի անգամ, օվկիանոսի մասին խանդավառ պատմություններ լսելով, որոշեց, որ պետք է հայտնվի այնտեղ, ինչ գնով էլ ուզում է լինի:

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Շատերն ասելիք չունեին, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթություններ էին ասում, որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային: Այդ ձկներից մեկն ասաց, որ Օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել: Մյուս գուրու ձուկը սովորեցրեց, որ Օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի: Երրորդն ավելացրեց.

-Միակ միջոցն անընդհատ կրկնելն է՝ «Ռամ-ռամ-ռամ»: Միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:

Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու: Եվ այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան: Նա ասաց ձուկ-պրպտողին.

-Հիմարի՛կ, Օվկիանոսը, որին դու փնտրում ես, քո շուրջն է: Դու նույնպես Օվկիանոսի մի մասն ես, չնայած, որ դա չես նկատում: Այն քո մեջ է, քո շուրջ, և դու նրա սիրելի մասնիկն ես:

Կրիան ու կարիճը

Մի անգամ կարիճը խնդրեց կրիային անցկացնել իրեն գետը։ Կրիան մերժեց, բայց կարիճը նրան համոզեց։
-Լավ , միայն խոսք տուր, որ չես խայթի ինձ,- համաձայնեց կրիան։
Կարիճը խոսք տվեց։ Այդ ժամանակ կրիան դրեց նրան իր մեջքին և սկսեց լողալ : Կարիճը ամբողջ ճանապարհին հանգիստ նստած էր, բայց երբ մոտեցան ափին, նա կրիային շատ ուժեղ խայթեց։
-Չե՞ս ամաչում, կարի՛ճ, չէ՞ որ դու ինձ խոսք էիր տվել,- գոռաց կրիան։
-Հետո՞ ինչ,- սառնասրտորեն ասաց կարիճը կրիային,-  ասա ինձ՝ ինչու՞  համաձայնեցիր ինձ գետն անցկացնել՝ իմանալով իմ բնավորությունը։
– Ես միշտ օգնում եմ յուրաքանչյուրին, դա է իմ բնույթը,- ասաց կրիան։
– Ի՛մ ընկեր,- պատասխանեց կարիճը, — քո բնույթը բոլորին օգնելն է , իսկ իմը՝ խայթելը։ Իսկ ինչո՞ւ ես քո բնույթը ներկայացնում մեծ բարություն, իսկ իմը՝ ստորություն։

Գարնանային «Մուտք» մանկավարժական ճամբար

ՕՐՎԱ ՊԱՏՈՒՄ- ՕՐ ԱՌԱՋԻՆ…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարտի 26-ին մեկնարկեց հերթական ճամբարային շաբաթը:
Առաջին օրն սկսեցինք Մայր դպրոցի Մարմարյա սրահում՝ առավոտյան ընդհանուր պարապմունքով: Այնուհետև Մայր դպրոցից քայլքով գնացինք Արևմտյան դպրոց-պարտեզ, որտեղ սկսեցինք ճամբարային առօրյան՝ ըստ օրվա աշխատակարգի.

-պարտիզա-պուրակային աշխատանք, կենդանիների խնամք
շախմատ
 լեզվագործունեություն
-երաժշտություն, պար
-տեխնոլոգիա 
-մաթեմատիկա-բնագիտություն
-մարզական պարապմունք 

Պետք է նշեմ, որ բոլոր պարապմունքներն էլ ուսանելի էին, յուրաքանչյուրի ընթացքում մի նոր բան սովորեցինք, որը մեզ կօգնի մեր հետագա աշխատանքի ընթացքում:

Ծիածանոտ բազմոցը

Լինում է, չի լինում՝ մի բազմոց է լինում: Բազմոցին միշտ հետաքրքրում էին երկնքում շողացող արևը, փայլող աստղերը, խորհրդավոր ամպերը, բազմերանգ ծիածանը… Նրան հատկապես հետաքրքրում էր, թե ինչպես է անձրևից հետո առաջանում այդ գույնզգույն, կամարի տեսքով ծիածանը: Եվ մի անգամ բազմոցը երազում հայտնվում է երկնքում և հանդիպում  ծիածանին.

-Ողջու՛յն, ծիածան,-ասաց բազմոցը:

-Ողջու՛յն,- պատասխանեց ծիածանը:

-Կարո՞ղ եմ իմանալ, թե ինչպես է, որ միշտ անձրևից հետո ես  հայտնվում երկնքում,- հարցնում է բազմոցը,-և այն էլ՝ բազմագույն:

-Ես առաջանում եմ այն ժամանակ, երբ անձրևից հետո օդում դեռևս մնացած և ճախրող ջրի մանր կաթիլները լուսավորում է բացված արևը,-պատասխանում է ծիածանը:

Բազմոցն ու ծիածանը սկսում են ընկերանալ: Ծիածանի գույները գեղեցիկ և բազմագույն ստվեր են փռում բազմոցին, այնպես, կարծես բազմոցը գույնզգույն շորեր է հագել: Ու այսպես, բազմոցը, գունավոր շորեր հագած, սավառնում էր երկնքում ծիածանի հետ և հանկարծ արթնանում է ուրախությունից, տեսնում, որ երազ է:2157b5b1e6502a3

Եռօրյա վերապատրաստման ամփոփում…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարտի 1-3-ն ընկած ժամանակահատվածում  Աշտարակ և Երևան քաղաքների մի շարք դասվարների հետ մասնակցեցի «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրով դասվարների եռօրյա վերապատրաստման դասընթացին: Ես այդ դասընթացին մասնակցում էի որպես կրթահամալիր դիմած մասնագետի՝ հնարավորության դեպքում կրթահամալիրում աշխատանքի ընդունվելու նպատակով:

Դասընթացի մեկնարկը սկսվեց մարտի 1-ին՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, որտեղ հավաքվել էին դասընթացին մասնակից դասվարները Աշտարակ և Երևան քաղաքներից: Եկեղեցու բակից քայլեցինք դեպի Հյուսիսային դպրոց-պարտեզ, որտեղ մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին:

Պարապմունքից հետո Արևմտյան դպրոց-պարտեզի դասվար Լուսինե Փաշայանը մեզ ծանոթացրեց դասընթացի ծրագրին, այնուհետև մասնակիցներից կազմեցին խմբեր և կցեցին տարբեր դպրոց-պարտեզների: Մեր խումբը կցված էր Արևելյան դպրոց-պարտեզին, որի ճանապարհին դպրոց-պարտեզի ղեկավար Նառա Նիկողոսյանը մեզ ներկայացնում էր Կրթահամալիրը:

Հասնելով դպրոց՝ մեզ դիմավորեցին ջերմ հյուրասիրությամբ և կցեցին տարբեր դասվարների: Ես ընդգրկված էի 3-րդ դասարանի դասվարներ ընկեր Մերիի և ընկեր Սաթենիկի դասարաններում, որտեղ անցկացրեցի դասընթացի առաջին և երկրորդ օրերըը:

Դասըթացի ընթացքում եղանք նաև Մայր դպրոցում, որտեղ շրջայց կատարեցինք, ծանոթացանք կրթահամալիրի աշխույժ կյանքին, մասնակցեցինք պարերգերի, իսկ օրվա ավարտը ամփոփեցինք Մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահում՝ կլոր սեղանի շուրջ, որին ներկա էր նաև Կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանը:

Դասընթացի վերջին օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ ժամերգությամբ, որից հետո հավաքվեցինք Արևմտյան դպրոց-պարտեզ՝ ամփոփելու եռօրյա դասընթացը: Օրը սկսեցինք պարերգերով, տիար Բլեյանի կողմից ստացանք վկայագրեր, լսեցինք տարբեր դասվարների հեղինակային ծրագրեր…հարց ու պատասխան, տպավորությունների կիսում…Ամփոփիչ օրն ավարտեցինք շրջայցով՝ Ուսումնական Ագարակում…

Նշեմ, որ հերթական անգամ տպավորված եմ Կրթահամալիրի հետաքրքիր ու հավես միջավայրով, որի համար շնորհակալ եմ դասընթացի բոլոր կազմակերպիչներին…