Առաջին հանդիպում…

Ողջու՛յն…Նոր ուսումնական տարին ես սկսեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզում: Նախ նշեմ, որ մինչ ուսումնական տարվա մեկնարկը Արևմուտքից Արևելք տեղափոխվել եմ օգոստոսի 21-ին՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ, որտեղ ինձ նոր միջավայրում ընդունեցին սիրով և ջերմությամբ: Հենց դրա շնորհիվ է, որ արագ ներառվեցի նոր կոլեկտիվում, որի համար շնորհակալ եմ բոլորին:
Իսկ ահա այսօր՝ օգոստոսի 30-ին մենք սիրով ընդունեցինք Արևելյան դպրոց-պարտեզի սովորողներին: Ընդունելությունն ուղեկցվեց երգով, պարով, խաղերով, ամենուր տիրում էր ջերմ և տոնական տրամադրություն: Իսկ առաջին դասարանցիների հետ իմ առաջին հանդիպումն անցավ  հետաքրքիր խաղերով, ջերմ մթնոլորտում, չնայած որոշ երեխաների հուզված լինելուն: Սակայն ժամանակի ընթացքում երեխաների հուզմունքն անցավ, և օրն ավարտեցինք բարձր տրամադրությամբ…

«Ես» նախագիծ

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

Տևողությունը՝ օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 10-ը (երկուսից երեք շաբաթ):

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք),

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ),  թղթեր, ջրաներկ, վրձին

Ազգային, բակային խաղեր

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմել իր (իր խաղալիքի…) մասին: Այստեղ կարելի է իրականացնել «Խոսում է իմ տիկնիկը» նախագիծը: Սովորողները  հնարավորություն կստանան ավելի անկաշկանդ խոսելու, պատմելու. հանդես գալու տիկնիկի անունից:
  • Կարողանալ պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով իր կարծիքը:
  • Բերանացի իմանալ ու խաղալ (կենդանի պատում) գրական ստեղծագործությունները:

Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Ջրաներկով նկարել իրենց, իրենց տրամադրությունը արտահայտել գույներով (գույների շաբաթ), ուրվագծել իր ձեռքը (թաթիկանկար):

Ծանոթանալ Paint նկարչական ծրագրին, հիմնական գործիքներին: Կարող են պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ:

Նախագծի արդյունքում՝

  • Զարգանում է սովորողի բանավոր խոսքը
  • Սովորում է աշխատել ծրագրով

 

Ուսումնական տարվա մեկնարկ…

Օրը՝ 30.08.2018
Տևողությունը՝ 9:00-12:00
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կ\հ, Արևելյան դպրոց
Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից:

8:00-ից՝ սովորողների տեղափոխում միասնական երթուղիներով
8:30-8:50՝ սովորողների դիմավորում. պարատուն կրթական պարտեզում
9:00-9:30՝ ընդհանուր պարապմունք լողափում, պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան
9:30-10:00` «Բարևախաղ»
10:00-10:30` նկարչական պլեներ
10:30-11:00` պատրաստվում ենք կրթական շքերթին
11:00-11:30` լողափնյա խաղեր, լող, հեծանվավարություն
11:30-11:50` օրվա ամփոփում
11:50-12:00` քայլք կայանատեղի
12:00՝ սովորողների ճանապարհում

2018-2019 ուստարի

Մանկավարժական ճամբար- օգոստոսի 21-24

2018-2019 ուստարվա մեկնարկն ազդարարող մանկավարժական ճամբարին ես մասնակցում եմ Արևելյան դպրոց-պարտեզում:Առավոտյան ժամը 9:00-ից հավաքվեցինք դպրոցում՝ ուրախ, աշխույժ, ժպիտներով դիմավորեցինք միմյանց: Օրվա մեկնարկը սկսեցինք Էրեբունի-Երևան երգով: Կատարեցինք նախապատրաստական աշխատանքներ՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ…
Ընդմիջումից հետո  Արմինե Թոփչյանի ուղեկցությամբ երկարացված օրվա կազմակերպիչներով քայլարշ իրականացրեցինք  դեպի Հրազդան գետի կիրճը, աղբից մաքրեցինք մեր ընտրած տարածքն, տեղավորվեցինք ափամերձ քարերին և զրույցը սկսեցինք մեկս մյուսի հետ ծանոթությամբ, խոսեցինք նախագծերի ու ծրագրերի մասին, հաճելի ժամանակ անցկացնելուց հետո վերադարձանք դպրոց:

Օրվա նկարաշարը…